«Տոտտենհեմի» ավագ Սոն Հին Մինը հինգշաբթի օրը կվերադառնա մարզումներին:
Անցյալ երեքշաբթի Հարավային Կորեայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց Հորդանանից:
Այսպիսով, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 23-րդ հորիզոնականը զբաղեցնող հարավկորեացիները չկարողացան նվաճել հաջորդ շաբաթ օրը կայանալիք Ասիայի գավաթի եզրափակիչի ուղեգիր, որտեղ Հորդանանը կխաղա Քաթարի հետ:
Այս սենսացիան նշանակում է, որ Սոնը սպասվածից շուտ կկարողանա վերադառնալ «Տոտտենհեմ»: The Guardian-ն ակնկալում է, որ 31 ամյա հարձակվողը հաջորդ շաբաթ օրը կմասնակցի «Բրայթոնի» դեմ կայանալիք խաղին:
Հունվարի սկզբին Ասիայի գավաթին մեկնելուց առաջ Սոնը գերազանց մարզավիճակում էր՝ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում իր հաշվին ունենալով 12 գոլ և 5 գոլային փոխանցում։
Սոնը բաց է թողել «Տոտտենհեմի» վերջին հինգ հանդիպումները։ Դրանցում «խթանները» Պրեմիեր լիգայում 9 հնարավորից վաստակել են հինգ միավոր, ինչպես նաև դուրս են մնացել Անգլիայի գավաթի խաղարկությոնից։