«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հանդիպում է ունեցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալի հետ և քննարկել է ֆրանսիացու հավանական տեղափոխությունը «Օլդ Թրաֆորդ»:
Խոսվում էր, որ «կարմիր սատանաները» ցանկանում են պայմանագիր ստորագրել 27-ամյա Բենզեմայի հետ, իսկ այժմ հայտնի է դարձել, որ լոնդոնյան հյուրանոցներից մեկում Վուդվորդը հանդիպել է հարձակվողի գործակալ Կարիմ Ջազիրիին:
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարներին արդեն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց ցանկանում է տեսնել իր թիմում: Այդ ֆուտբոլիստներից մեկը Բենզեման է:
Աղբյուրի հաղորդմամբ, Կարիմի տրանսֆերը կարող է իրականանալ Դավիդ դե Խեայի՝ «Ռեալ» տեղափոխության դեպքում: Ինչպես գիտենք, իսպանացին դեռ որոշում չի կայացրել, սակայն խոսվում է, որ մադրիդյան ակումբի նոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ամեն ինչ անելու է, որպեսզի Դե Խեան միանա իր թիմին:
Ավելացնենք, որ սա Բենզեմային գնելու «Յունայթեդի» առաջին փորձը չէ: 2009թ-ին «սատանաներն» անգամ պաշտոնական առաջարկ արեցին, սակայն այդ ժամանակ Կարիմը նախընտրեց ուղևորվել Մադրիդ: