«Տոտտենհեմը» համաձայնեցրել է «Կորինտիանսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերային արժեքը: Վիլաշ-Բոաշի թիմը բրազիլիացու համար կվճարի 17 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բրազիլիական ակումբը հաստատել է, որ համաձայնվել է իր աստղին զիջել «Տոտտենհեմին»: Պաուլինյոն իր պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ կքննարկի Կոնֆեդերացիայի գավաթի ավարտից հետո:
Լոնդոնյան ակումբը հուսով էր, որ կկարողանա 24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել 15 մլն ֆունտով, սակայն այլ ակումբների հետաքրքրության պատճառով Վիլաշ-Բոաշը որոշեց ռիսկի չգնալ և արագ համաձայնության գալ:
Տարբեր լուրերի համաձայն, Պաուլինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Ռոման» և «Ինտերը»: Մի բան հստակ է, որ տաղանդավոր բրազիլիացին հաջորդ մրցաշրջանը կսկսի Եվրոպայում: