«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ճանաչվել են Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
Նախորդ ամիս Ռանիերիի սաները 12 հնարավորից վաստակեցին 10 միավոր՝ հաղթելով «Ուոթֆորդին», «Նյուքասլին» և «Կրիստալ Փելեսին»։ «Աղվեսների» միակ վրիպումը «Վեստ Բրոմվիչի» հետ հանդիպումն էր (2։2), որին չէր մասնակցում նրանց առանցքային ֆուտբոլիստներից Նգոլո Կանտեն։
Շնորհիվ այս խաղերի, «Լեսթերը» կարողացավ չեմպիոնական պայքարում իր հիմնական մրցակից «Տոտտենհեմի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցնել 7֊ի։ Ռանիերիի համար սա նմանատիպ երկրորդ մրցանակն է։
Մարտը պակաս հաջողակ ամիս չէր նաև 22֊ամյա Քեյնի համար, ով 5 գոլ խփեց «Արսենալի», «Աստոն Վիլլայի» և «Բորնմուտի» հետ խաղերում։ Այս պահին հենց Քեյնն է խփած 22 գոլով գլխավորում առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։