«Նյուքասլի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինիի տեղափոխությունը «Սան-Լորենսո» կարող է չկայանալ:
Ինչպես հայտնի է, արգենտինական ակումբը ցանկանում էր ձեռք բերել իր հայրենակցին դեռևս հունվարին, բայց «կաչաղակները» ծանր իրավիճակում էին գտնվում և Ֆաբրիսիոյին բաց չթողեցին:
Մրցաշրջանի ավարտից հետո «Սան-Լորենսոն» կրկին ցանկանում է ստանալ 31-ամյա պաշտպանին այն հույսով, որ նա կմիանա իրենց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Սակայն, Evening Chronicle-ի տեղեկության համաձայն, «Նյուքասլը» չի ցանկանում խզել պայմանագիրը Կոլոչինիի հետ:
Կոլոչինիի աշխատավաձի բարձրացումը, ինչպես նաև «Նյուքասլին» որոշ փոխհատուցում տալը վեր է արգենտինական ոչ հարուստ ակումբի համար: Նաև «Սան-Լորենսոյի» երկրպագուները նախընտրում են ավելի երիտասարդ խաղացողների տեսնել ակումբում:
-Մարդիկ, ովքեր ունակ են մեզ օգնել, չեն ցանկանում մեզ հովանավորել Կոլոչինիի հարցում: Նրանք կարծում են, որ դրա փոխարեն կարելի է մի քանի ավելի երիտասարդ ֆուտբոլիստների հրավիրել:
Երևի այդպես էլ կլինի: Կոլոչինիի տեղափոխությունն անիրական է թվում: Կարծես թե այս պատմության մեջ վերջակետ է դրված: Անգամ այնպիսի մեծ ակումբների համար ինչպիսիք են «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյթը», ևս կան ֆինանսական դժվարություններ- մեջբերում է աղբյուրը: