«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) «Ֆուլհեմը» կարող է զրկվել կես միլիոն ֆունտից: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Անցած տարվա հունվարին հարձակվող Բոբբի Զամորան «Ֆուլհեմից» տեղափոխվեց «ՔՊՌ»: Պայմանագրում կա մի կետ, ըստ որի «ՔՊՌ»-ը պետք է վճարի 500 հազար ֆունտ յուրաքանչյուր տարվա համար, որ ֆուտբոլիստը կանցկացնի Պրեմիեր Լիգայում: Նշենք, որ Զամորան կնքել էր պայմանագիր 2.5 տարի ժամկետով:
Անցած մրցաշրջանում մնալով Պրեմիեր Լիգայում՝ «ՔՊՌ»-ը «Ֆուլհեմին» վճարեց նշանակված գումարը: Սակայն այս տարի ակումբը հնարավոր է չստանա այդ գումարը, որովհետև մեծ է հավանականությունը, որ «ՔՊՌ»-ը դուրս կմնա Պրեմիեր Լիգայից:
Ավելացնենք, որ այս պահին Հարի Ռեդնապի թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում: