Պրեմիեր Լիգայի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգի գործով հետաքննությունը մոտեցավ իր ավարտին: Ինչպես հայտնի է, 37-ամյա մրցավարը մեղադրվում է «Չելսի»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հասցեին արած ռասիստական արտահայտության համար: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հարցաքննել է բոլոր վկաներին, ուսումնասիրել է եղած նյութերը, որից հետո հերթը հասել է Կլատենբուրգին: Հարցաքննվել են նաև խաղի երկու եզրային մրցավարները և չորրորդ պաշտոնյա Մայքլ Ջոնսը: Մարկը կտրականապես հերքում է ներկայացված մեղադրանքը: Ինչպես հայտնում է BBC-ն, եզրային մրցավարները այս հարցում աջակցում են իրենց կոլեգային:
Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան այս հարցով կկայացնի իր վճիռը, որից կախված է մրցավարի հետագա կարիերան: