«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Այաքսի» վինգեր Անտոնիին մոտ 86 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Անտոնին պայմանագիր է կնքել «Յունայթեդի» հետ մինչև 2027 թվականը և կարող է իր նորամուտը նշել «կարմիր սատանաների» կազմում առաջիկա կիրակի ԱՊԼ-ի «Արսենալի» դեմ խաղում։
Անտոնին հանդես է գալիս «Այաքսում» 2020 թվականին «Սան Պաուլուից» տեղափոխվելուց հետո: Ամստերդամում անցկացրած այդ երկու տարիների ընթացքում բրազիլացի վինգերը 82 խաղում դարձել է 24 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ 22-ամյա Անտոնին դառնում է երրորդ մարդը, ով այս ամառ Այաքսից տեղափոխվում է «Յունայթեդ»։ Ավելի վաղ նման կերպ վարվել են մարզիչ Էրիկ Տեն Հագը և պաշտպան Լիսանդրո Մարտինեսը:
«Սա անհավանական պահ է իմ կարիերայում. ես տեղափոխվում եմ աշխարհի ամենալեգենդար ակումբներից մեկը: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ, հատկապես իմ ընտանիքին, բոլոր մարզիչներին և թիմակիցներին, քանի որ առանց նրանց ես չէր կարող այստեղ լինել»,- ասել է Անտոնին։