Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խոստովանել է, որ պատրաստ է Իռլանդիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին ավագ նշանակել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:
Ինչպես հայտնի է, անգլիացիների ավագ Սթիվեն Ջերարդը շուտով վիրահատվելու է: Հետևաբար, մայիսի 29-ին և հունիսի 2-ին կայանալիք խաղերին «Լիվերպուլի» կիսապաշտպանը մասնակցել չի կարող:
Հոջսոնը դեռ չի հայտարարել առաջիկա հանդիպումների կազմը, սակայն արդեն ակնարկել է, թե ում է ցանկանում տեսնել՝ որպես թիմի ավագ:
-Ռունին արդեն եղել է հավաքականի ավագ, երբ մենք տանը խաղում էինք Սան Մարինոյի դեմ: Գիտեմ, որ նա գոհ էր այդ դերից, և ես վստահ եմ, որ կլինեն խաղեր, երբ նա թիմին դաշտ դուրս կբերի,- ասել է Ռոյը:
Բացի այդ, Հոջսոնը չի բացառում, որ Իռլանդիայի հետ խաղում հավաքականի ավագը կլինի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը, ով անցած տարի անցկացրեց իր 100-րդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում: Sky Sports