Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլային»:
Արսեն Վենգերի սաները վստահ հաղթանակ տարան «վիլլացիների» նկատմամբ:
«Զինագործները» հանդիպման ելքը վճռեցին ընդամենը 6 րոպեի ընթացքում՝ երեք գնդակ ուղարկելով Բրեդ Գուզանի պաշտպանած դարպասը: 32-րդ րոպեին Դենիել Ուելբեքի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը: Ընդամեն 2 րոպե հետո կրկին այս զույգը գոլ հեղինակեց, այս անգամ գոլային փոխանցումը գրանցվեց Օզիլի անվան դիմաց, իսկ գոլը՝ Ուելբեքի: 36-րդ րոպեին էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Ալի Սիսոկոն:
Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 9 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Օզիլ՝ 32ր, Ուելբեք՝ 34ր, Սիսոկո՝ 36ր (ինքն.):