«Արսենալը» հուսով է, որ մինչև այս մրցաշրջանի ավարտը նոր պայմանագիր կկնքի իր վինգեր Բուկայո Սակայի հետ:
Անցյալ տարվանից «Արսենալը» բանակցություններ է վարում Սակայի հետ նոր պայմանագրի շուրջ, և նախորդ շաբաթների ընթացքում բազմիցս տեղեկություններ էին ահյտնվում, որ գործարքի վերջնագիծը շատ մոտ է:
Ըստ talkSPORT-ի՝ գործարքի պայմաններն իսկապես համաձայնեցված են։ Բուկայոն որոշել է երկարաձգել իր համագործակցությունը «զինագործների» հետ մինչև 2028 թվականը՝ շաբաթական 300,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով:
Կողմերին մնում է միայն որոշակի մանրամասներ կարգավորել, իսկ դա մոտ ապագայի հարց է։ «Արսենալն» ավարտում է իր մրցաշրջանը «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղով, մինչ այդ, հավանաբար, կհայտարարվի Սակայի հետ համագործակցության երկարաձգման մասին:
Բացի այդ, 21 ամյա Սական Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում միակ ֆուտբոլիստն է, ով ունի երկնիշ թվով գոլեր (13) և գոլային փոխանցումներ (11):