«Արսենալը» պատրաստվում է այս ամառ ազատվել յոթ խաղացողներից, այդ թվում՝ իրենց ռեկորդային ձեռքբերումից՝ Նիկոլյա Պեպեից:
2019 թվականին «Լիլից» 72 միլիոն ֆունտով գնված Պեպեն «Արսենալի» կազմում անցկացրած 80 խաղում դարձել է ընդամենը 16 գոլի հեղինակ՝ մինչ այս մրցաշրջանում «Նիցցա» ուղարկելը:
Մեծ է հավանականությունը, որ Նիկոլյան կմնա «Նիցցայում», որը պատկանում է բրիտանացի ամենահարուստ մարդուն՝ սըր Ջիմ Ռեթքլիֆին, բայց դրա համար «Արսենալը» պետք է որոշակի ֆինանսական կորուստներ կրի:
Խոսքը ոչ միայն Պեպեի տրանսֆերային գնի նվազեցման մասին է, այլև Նիկոլյան շարունակում է շաբաթական 140,000 ֆունտ ստեռլինգ վաստակել մի պայմանագրով, որը դեռևս ուժի մեջ է ևս մեկ տարի:
Բացի Կոտ դ’Իվուարի 27 ամյա ֆուտբոլիստից, «Արսենալը» բաց կլինի Էնսլի Մեյթլենդ Նայլզի, Ալբերտ Սամբի Լոկոնգայի, Սեդրիկ Սուարեշի, Նունո Տավարեսի, Պաբլո Մարիի և Ալեքս Ռունարսոնի համար, որոնք չեն մտնում «զինագործների» գլխավոր մարզչի ծրագրերի մեջ և դեռ հանդես են գալիս վարձավճարով։ Հաղորդում է The Sun-ը:
Բացի այս յոթնյակից, որը համարվում է բալաստ, «Արսենալն» ունի ևս մի քանի խաղացողներ, որոնց ապագան անորոշ է: Խոսքը Կիրան Տիրնիի, Ռոբ Հոլդինգի ու Ֆոլարին Բալագանի մասին է, ովքեր, համենայնդեպս, հաստատ հետաքրքրություն կառաջացնեն այլ ակումբների մոտ ու կկարողանան համալրել Արտետայի տրանսֆերային բյուջեն։