«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստակամություն է հայտնել ընդունել ակումբի սեփականատեր Ստեն Կրոնկենի առաջարկը և երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:
Երեկ «Արսենալի» ամերիկացի սեփականատերը հայտնեց, որ մտադիր են նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացի մասնագետին: Այսօր Վենգերը մամուլի միջոցով տվել է իր համաձայնությունը:
-Եթե անկեղծ, ապա ես կցանկանայի ընդմիշտ մնալ այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է, որ Կրոնկեն վստահում է ինձ և կարծում է, որ կարող եմ օգնել ակումբին: Սակայն չեմ կարծում որ այս պահին պայմանագրի երկարաձգելը ամենակարևոր խնդիրն է:
Շատ առաջարկներ եմ մերժել, որպեսզի մնամ այստեղ: Ես միշտ մտածել եմ, այս ակումբն առանձնահատուկ է: Բարձր եմ գնահատում այն որակները, որոնք այժմ ունի ակումբը,- Վենգերի խոսքերն է մեջբերում ESPN-ը: