«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համաձայն չէ այն մտքի հետ, որ իր ակումբն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել «Նյուքասլին»` Յոհան Կաբայեին գնելու առաջարկ անելու համար:
«Կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ստիպված է եղել փոխել իր պլանները Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ այն պատճառով, որ «Արսենալը» խաղից մի քանի ժամ առաջ առաջարկություն է արել Կաբայեին գնելու համար:
Հասկանալով, որ ֆրանսիացին կտարվի «Էմիրեյթս» տեղափոխվելու մտքով` Պարդյուն չի ներառել նրան խաղի հայտացուցակում, որը նրանց համար պարտությամբ է ավարտվել` 0:4 հաշվով: Հանդիպումից հետո մարզիչն ասել է, որ «Արսենալն» անհարգալից է գնտվել իր թիմի նկատմամբ:
Սակայն Վենգերը, ում թիմն այսօր Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում ուժերը կչափի «Ֆեներբահչեի» հետ, հայտնել է, որ իր արարքում որևէ վատ բան չի տեսնում:
-Ես միայն անում եմ այն, ինչը լավ կլինի այս ֆուտբոլային ակումբի համար,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily and Sunday Express-ը: