«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Մեսութ Օզիլը «Բավարիայի» դեմ խաղում չիրացրած 11 մետրանոցից հետո կորցրեց ինքնավստահությունը:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղն «Արսենալի» համար հաջող մեկնարկ ունեցավ և արդեն 8-րդ րոպեին լոնդոնցիները հաշվի մեջ առաջ անցնելու իրական շանս ունեին: Սակայն Մեսութ Օզիլը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
Վենգերի կարծիքով, ձախողված հարվածից հետո Մեսութն իր վրա ճնշում էր զգում, ինչն էլ ազդեց նրա խաղի վրա:
-Դու մշտապես մտահոգվում ես քո ֆուտբոլիստների ինքնավստահության համար, քանի որ այն թիմի շարժիչ ուժն է: Դա այն է, ինչը տալիս է համարձակություն և խաղալու ցանկություն:
Դուք նկատեցիք, որ չիրացրած 11 մետրանոցից անգամ 5-10 րոպե հետո նա թափահարում էր գլուխը: Այդ դրվագը մեծ ազդեցություն ունեցավ նրա խաղի վրա,- ասել է Վենգերը: Daily Mirror