Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը հաստատել է, որ իր ակումբը դադարեցրել է հետաքրքրությունը «Նյուքասլի» պաշտպան Կիրան Թրիպերի նկատմամբ։
«Բավարիան» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում երեք առաջարկ է ներկայացրել Թրիպերին ձեռք բերելու համար: Բունդեսլիգայի չեմպիոնները պատրաստ էին 33 ամյա անգլիացու համար վճարել մինչև 13 միլիոն ֆունտ ստերլինգ:
Այնուամենայնիվ, երեք անգամն էլ «Նյուքասլը» մերժել է, ուստի «Բավարիան» որոշել է հրաժարվել Թրիպերին գնելու մտքից:
«Պատմությունը՝ Կիրան Թրիպերի մասնակցությամբ, ավարտված է: Մենք անում ենք միայն այն, ինչում 100 տոկոսով համոզված ենք: Միայն այն ժամանակ, երբ դա հարմար է մեզ, խաղացողին, ինչպես նաև խաղացողի ակումբին: Այս դեպքում դա այդպես չէր», – մեջբերում է Ֆրեյնդի խոսքերը Sky Sports-ը:
Ավելացնենք, որ Թրիպերն այս մրցաշրջանում 7 գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր լիգայի 19 խաղում, սակայն վերջին շաբաթներին Կիրանը կորցրել է իր մարզավիճակը: