«Բրայթոնը» համաձայնության է եկել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլների հետ:
Միլների պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և Ջեյմսը, չնայած «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ցանկությանը, պատրաստվում է հեռանալ «Լիվերպուլից»:
Միլներին ցանկանում էր ձեռք բերել նաև Պրեմիեր լիգա վերադարձած «Բերնլին», որի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Ջեյմսի հետ խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»:
Սակայն Sky Sports-ը պնդում է, որ Միլներն արդեն կատարել է իր ընտրությունը։ 37 ամյա անգլիացին ազատ գործակալի կարգավիճակով պատրաստվում է միանալ «Բրայթոնին»:
Միլները հիացած է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի կառուցած խաղով, ում ֆուտբոլը հիշեցնում է ոչ միայն Կլոպին, այլև Գվարդիոլային։
Միլների ձեռքբերումը կօգնի «Բրայթոնին» հավասարակշռություն մտցնել խոստումնալից երիտասարդների և փորձառու վետերանների միջև: Ջեյմսը նաև օգտակար կլինի «ճայերին», եթե նրանք դուրս գան եվրոպական մրցաշարեր:
Հավելենք, որ ավելի վաղ «Բրայթոնը» համաձայնության էր եկել «Ուոթֆորդի» հետ, հարձակվող Ժոաո Պեդրոյի տրանսֆերի հարցում, որը կդառնա ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը։