«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալը բացառել է իր հաճախորդի տեղափոխությունն «Արսենալ»:
Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին, և դա կարող է «Արսենալին» հնարավորություն տալ ձեռք բերել Բենզեմային:
Համաձայն BBC-ի, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 40 մլն եվրո կառաջարկի իր հայրենակցի համար: Սակայն Կարիմը ոչ միայն որևէ տեղ չի տեղափոխվի, այլև պատրաստվում է երկարաձգել իր պայմանագիրը «Ռեալի» հետ:
-Մենք չենք կարող լուրերի դեմ կռվել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Կարիմը չի տեղափոխվում «Արսենալ»: Որևէ բանակցություններ այս հարցի շուրջ երբևէ չեն եղել:
Գարեթ Բեյլի ժամանումը «Ռեալ Մադրիդ» Կարիմի համար սպառնալիք չէ, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն և Բեյլն ընդունակ են խաղալ եզրերում, իսկ Բենզեման կգործի կենտրոնում:
Մենք աշխատում ենք պայմանագիրը երեք տարով երկարաձգելու ուղղությամբ: Բանակցությունները հանգիստ են ընթանում, առանց որևէ վերջնաժամկետի: Կարիմն ընդհանրապես կարող է իր կարիերան ավարտել «Ռեալում»` իր երազանքների ակումբում,- գործակալ Կարիմ Ջազարիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: