«Տոտտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերն ավարտեց իր տեղափոխությունը «Բավարիա»:
Այս մրցաշրջանում Դայերին չէր վստահում «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն, ինչի պատճառով Էրիկը մասնակցել է Պրեմիեր լիգայի ընդամենը չորս հանդիպման:
Եվ քանի որ Դայերի պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր մրցաշրջանի վերջում, Էրիկը որոշեց ժամանակ չկորցնել ու գնաց հարձակվող Հարի Քեյնի հետքերով, ով անցյալ ամառ Լոնդոնից Մյունխեն տեղափոխվեց։
Դայերը այժմ գործուղղվել է «Բավարիա» մինչև մրցաշրջանի ավարտը՝ նախապես համաձայնեցնելով 2024/25 մրցաշրջանի պայմանագիրը։ 29 ամյա անգլիացին Թոմաս Տուխելի թիմում հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։
Ըստ «Sky Sport Germany»-ի՝ «Տոտտենհեմը» անմիջապես ոչինչ չի ստանա Դայերի տրանսֆերի համար, սակայն թիմային և անհատական նվաճումների շնորհիվ Էրիկի համար փոխհատուցումը զրոյից կարող է հասնել 2-2,5 միլիոն եվրոյի (1,7-2,2 միլիոն ֆունտ ստերլինգ):
«Ինձ համար դա երազանք է, որովհետև մանուկ հասակում ուզում ես մի օր խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Բավարիան» է: «Բավարիան» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է և ունի անհավանական պատմություն: Ես ուզում եմ օգնել թիմին իմ պաշտպանական բազմաֆունկցոնալությամբ: Ես իսկապես անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցների և երկրպագուների հետ հանդիպմանը Ալիանց Արենայում, որն, իմ կարծիքով, աշխարհի լավագույն մարզադաշտերից մեկն է»,- ասել է Դայերը:
Ավելացնենք, որ Դայերը Պրեմիեր լիգայի շրջանակներում «Տոտտենհեմի» կազմում անցկացրել է 274 հանդիպում՝ 2014 թվականին Լիսաբոնի «Սպորտինգից» 4 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո։