«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղը «Բորուսիայի» հետ և հնարավոր է չապաքինվի մինչև մանչեսթերյան դերբին:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին չի ցուցադրում այն վառ խաղը, ինչով աչքի էր ընկնում անցած տարի, սակայն շարունակում է մնալ Մանչինիի թիմի առանցքային ֆուտբոլիստ: Եվրոպա Լիգայի ուղեգրի համար «քաղաքայինները» կխաղան առանց իրենց առաջատարի:
Իսկ կիրակի օրը «Սիթին» սեփական հարկի տակ կընդունի Պրեմիեր Լիգայի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեծ է հավանականությունը, որ Սիլվան բաց կթողնի նաև այդ խաղը:
-Սիլվան մեզ հետ Դորտմունդ չժամանեց, քանի որ վնասել է ծունկը և այս պահին մենք չգիտենք՝ կկարողանա արդյոք ապաքինվել մինչև դերբին: Մենք հուսով ենք, սակայն մնում է միայն սպասել,- Դորտմունդում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մանչինին: