Ինչպես հայտնում է Goal-ը, «Տոտտենհեմը» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյային ձեռք բերելուն` ստանալով ֆուտբոլիստի համաձայնությունը:
Անցած շաբաթ լոնդոնյան ակումբի պատվիրակությունը եղել է Բրազիլիայում, որտեղ անցկացվում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է Իսպանիայի հավաքականը: Աղբյուրի համաձայն, բանակցությունների ընթացքում Վիլյան ցանկություն է հայտնել տեղափոխվել «Ուայթ Հարթ Լեյն»:
Հատկանշական է, որ «Տոտտենհեմ» տեղափոխվելու համար 31-ամյա իսպանացի հարձակվողը պատրաստ է աշխատավարձը նվազեցնել: Հիմա նրա աշխատավարձը «Կամպ Նոուում» կազմում է շաբաթական 163 հազար եվրո, այն դեպքում, երբ նա Լոնդոնում կստանա 117 հազար:
Գործարքը վերջնականապես իրականացնելու համար «Տոտտենհեմը» պետք է համաձայնեցնի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն իր ակումբի հետ: Հաշվի առնելով Վիլյայի տարիքը և հաջորդ մրցաշրջանում իր պայմանագրի ժամկետի լրանալը, «Տոտտենհեմն» առաջարկում է ընդամենը 9 մլն եվրո:
Հավելենք, որ Դավիդը, ում ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր նաև «Արսենալը», վերջերս խոստովանել է, որ ապագայի հետ կապված որոշում կընդունի միայն Բրազիլիայից վերադառնալուց հետո: