«Տոտենհեմի» պաշտպան Մայքլ Դոուսոնը հայտնել է, որ պատրաստ է հունվարին նորից մերժել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» առաջարկը, չնայած որ այնտեղ է իր նախկին մարզիչ Հարի Ռեդնապը:
Անցած ամառ «ռեյնջերները» համաձայնության էին եկել 29-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքի շուրջ, սակայն տեղափոխությունը տեղի չունեցավ հենց Մայքլի անհամաձայնության պատճառով:
Բրիտանական թերթերում լուրեր էին հայտնվել այն մասին, որ Հարի Ռեդնապը պատրաստվում է հունվարին ակումբ հրավիրել Մայքլ Դոուսոնին: Պաշտպանը ընթացիկ մրցաշրջանում տեղ չի գտնում թիմի մեկնարկային կազմում: Անցած կիրակի առաջին անգամ դաշտ դուրս եկավ հիմնական կազմում:
-Ես կմնամ «Տոտենհեմում»: Ես ինձ լավ եմ զգում այստեղ, չնայած դեռևս մարզիչը ինձ շատ չի վստահում: Անցած կիրակի «Վեստ Հեմի» դեմ մեկնարկային կազմում էի և աշխատեցի ամբողջ եռանդով, որպեսզի օգնեմ թիմին: Երբ ֆուտբոլիստը հնարավորություն է ստանում, պետք է անպայման այն օգտագործի,- ասել է Դոուսոնը: The Sun