«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը երկրպագուներին հորդորել է Վիլֆրիդ Զախայի հարցում վստահել իրեն:
«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած մոտ կես տարվա ընթացքում Զախան գործնականում իրեն դրսևորելու հնարավորություն չստացավ, ինչի համար հաճախ Մոյեսին էին մեղադրում: Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Յունայթեդը» Զախային վարձակալությամբ ուղարկեց «Քարդիֆ Սիթի»:
-Դուք պետք է վստահեք մարզչին: Եզրային գոտում մենք մեծ մրցակցություն ունենք: Երբ ես եկա այստեղ, կային Անտոնիո Վալենսիան, Նանին և Էշլի Յանգը: Հետո իր մասին հայտնեց Ադնան Յանուզայը, ով նույնպես կարող է խաղալ եզրում: Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք մարզվում՝ այդ թվում նաև Վիլֆրիդը: Մենք կարող էինք նրան ավելի շուտ բաց թողնել, սակայն դա չարեցինք Նանիի վնասվածքի պատճառով: Որոշեցին նրան ժամանակ տալ:
Վարձակալությունը նրան շատ կօգնի: Այդ քայլով նա իր որակները զարգացնելու հնարավորություն է ստացել: Միտքն այն է, որ նա ցույց տա իր կարողությունները և «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնա որպես ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: