«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը հայտնել է, որ իր շնորհիվ Հարի Քեյնը չի հեռացել «Տոտտենհեմից»:
21-ամյա Քեյնը փայլուն է անցկացնում ընթացիկ մրցաշրջանը և մասնակցած 42 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ: Իր այդ հաջողությունների շնորհիվ երեկ Հարին հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից:
Սակայն Քեյնի կարիերան կարող էր այլ կերպ դասավորվել, եթե նա նախորդ մրցաշրջանում, երբ մարզիչը Շերվուդն էր, հեռանար «Ուայթ Հարթ Լեյնից»:
-Նախորդ տարվա հունվարին ինձ հաջողվեց դիմակայել նրանից ազատվելու գայթակղությանը, քանի որ, հակառակ դեպքում, նա հնարավոր է չդառնար այսօրվա ֆուտբոլիստը: Ակումբում կային մարդիկ, ովքեր ցանկանում էին Քեյնի զոհաբերության գնով նոր հարձակվող հրավիրել: Ես դա թույլ չտվեցի: Նա հնարավորություն ստացավ և այժմ արդարացնում է սպասելիքները:
Ես պետք է շնորհավորեմ Հարիին, Հոջսոնը չէր կարող անտեսել նրան: Երբ ես Ռոբերտո Սոլդադոյին թողեցի պահեստայինների նստարանին, իսկ Քեյնին խաղալու հնարավորություն տվեցի, 30 րոպե հետո երկրպագուները երգերով կոչ էին անում դաշտ դուրս բերել Սոլդադոյին: Երկար ժամանակ պահանջվեց, որ նա վաստակի երկրպագուների սերը: Այժն նրանք սիրում են Քեյնին,- Շերվուդի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: