Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոստովանել է, որ գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց առաջ մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղաբաշխական առաջարկությունը:
Տրանսֆերային պատուհանի բացման առաջին օրվանից 24-ամյա Մյուլերի անունը կապվում էր «Օլդ Թրաֆորդ» տեղափոխության հետ: Գերմանացու ծառայություններով հետաքրքրված էր անձամբ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Սակայն Մյուլերը մերժեց մանչեսթերյան ակումբի առաջարկությունը և նոր՝ հինգ տարվա պայմանագիր ստորագրեց Բունդեսլիգայի չեմպիոնի հետ:
Երբ Թոմասին հարցրին, թե արդյոք նա մոտ էր «Յունայթեդ» տեղափոխվելուն, նա պատասխանեց. «Իհարկե, ես գիտեի, որ այդ տեղափոխությանը համաձայնվելու դեպքում կարող էի մեծ գումարներ աշխատել: Ինձ առաջարկվող գումարն աստղաբաշխական էր: Սակայն իմ ակումբը «Բավարիան» է, իսկ իմ հեռանալու հարցն անգամ դրված չէր»: Bild