«Բերնլիի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում «Չելսիի» դարպասը կպաշտպանի Տիբո Կուրտուան:
The Telegraph պարբերականի հաղորդմամբ, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միայն կիրակի օրն է հայտնել իր ֆուտբոլիստներին, որ ընտրել է Կուրտուային: Երիտասարդ բելգիացին «ազնվականների» առաջին համարը դառնալու հնարավորություն է ստացել:
Այս որոշումը կարող է ազդել Պետր Չեխի կարգավիճակի վրա, ով վերջին 10 տարիների ընթացքում «Չելսիի» անփոխարինելի դարպասապահն էր: Չի բացառվում, որ փորձառու դարպասապահը կնախընտրի փոխել ակումբը:
32-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մոնակոն» և «Ռեալը»: Աղբյուրի հաղորդմամբ, Ժոզեն Տիբոյին թույլ կտա որոշ ժամանակ պաշտպանել դարպասը:
-Իմ առաջին համարը կլինի իմ առաջին համարը: Դա ընդմիշտ չէ, քանի որ ես չեմ կարող սպանել մրցակցությունը: Ես չեմ կարող ինչ որ մեկի առջև փակել թիմի դռները: Չեմ կարող նաև որևէ մեկին երաշխիք տալ, որ նա անկախ ամեն ինչից կլինի հիմնական կազմում,- ասել է Մոուրինյոն: