Ֆրանսիական «Բորդոն» մեկ տարով վարձակալեց «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Տյագո Իլորիին: Այս մասին հաղորդում է «կարմիրների» պաշտոնական կայքը:
Պորտուգալացին անցած ամառ տեղափոխվեց «Էնֆիլդ», երբ «Լիվերպուլը» նրա համար «Սպորտինգին» 6 մլն ֆունտ վճարեց: Սակայն Իլորին մերսիսայդյան ակումբի հիմնական կազմում տեղ գտնելու ոչ մի հնարավորություն չունեցավ:
Նոր մրցաշրջանից առաջ «կարմիրները» Դեյան Լովրենի օգնությամբ ուժեղացրին իրենց պաշտպանությունը և Տյագոյի հեռանալը գործնականում անխուսափելի դարձավ: 21-ամյա Իլորին 2014/15 մրցաշրջանում կխաղա «Բորդոյում», որն այս պահին գլխավորում է ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: