Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «կարմիրները» կընդունեն գործող չեմպիոնին:
«Լիվերպուլն» անհաջող մեկնարկից հետո կարծես վերգտնում է իր խաղը և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և հաղթանակի դեպքում կարող է միավորներով հավասարվել 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»: Բրենդան Ռոջերսի թիմն այս տարի Պրեմիեր Լիգայում պարտություն չի կրել: «Լիվերպուլը» մեկ շաբաթ առաջ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սաութհեմպտոնի» դարպասը, իսկ դրանից առաջ կարևոր հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամաբ:
Յայա Տուրեի վերադարձից հետո հաջող է հանդես գալիս նաև «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքայինները» նախորդ տուրում 5-0 հաշվով ջախջախեցին «Նյուքասլ Յունայթեդին»: Պրեմիեր Լիգայում թիմերի վերջին հանդիպումն ավարտվեց «Սիթիի» վստահ հաղթանակով (3:1):
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 171 անգամ և առավելությունը մերսիսայդյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 82-ում, 45 անգամ գրանցվել է խաղաղ ելք և միայն 44 խաղում է ուժեղ գտնվել մանչեսթերյան ակումբը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2