«Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսելնին հայտնել է, որ պատրաստ է իր նախկին թիմակից Ռոբին վան Պերսիի հետ հանդիպմանը: Վան Պերսիի ներկայիս ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ կիրակի հյուրընկալվելու է «զինագործներին»:
Վերջին շաբաթներին Կոսելնիին հաջողվեց տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում: Ֆրանսիացին հիանալի համագործակցում է Պեր Մերտեզակերի հետ պաշտպանության կենտրոնում: Այժմ խաղացողը հույս ունի, որ Ռոբինը «Էմիրեյթսից» կհեռանա առանց գոլի:
-Հուսամ՝ մենք թույլ չենք տա Ռոբինին գոլ խփել: Նա լավ խաղացող է: Ինձ դուր էր գալիս նրա հետ խաղալը, սակայն հույս ունեմ, որ նա պարծենալու ոչինչ չի ունենա:
Ամբողջ թիմի համար բարդ հանդիպում է սպասվում, սակայն մենք տանն ենք խաղում և պետք է փորձենք երեք միավոր վաստակել: Լավ հանդիպում է լինելու մեծ թիմի դեմ,- հայտնել է Կոսելնին: