«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Խուան Մատան «Չելսիի» երկրպագուներին իր շնորհակալությունը հայտնել է բաց նամակով:
25-ամյա իսպանացին երեկ ժամանեց «կարմիր սատանաների» մարզաբազա, որտեղ բուժզննում անցավ և պայմանագիր ստորագրեց: Մատայի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարեց իր համար ռեկորդային՝ 37.1 մլն ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը Մատայի համար ծանր ստացվեց, սակայն նա ցանկանում է միայն լավ պահերը հիշել:
-Մինչև վերջին տարին ես ցանկանում էի երկար մնալ «Չելսիում»: Խաղալ «Չելսիի» համար այնքան, որքան նրանք կցանկանան: Ես շատ երջանիկ էի ակումբում և քաղաքում:
Մրցաշրջանի մեկնարկին իրավիճակը փոխվեց: Կարևոր ֆուտբոլիստ լինելու զգացումից հետո ես սկսեցի հասկանալ, որ այլևս ակումբն իմ կարիքը չունի և ես չեմ կարողանում օգնել թիմին: Ֆուտբոլը թիմային խաղ է և հեշտ չէ մշտապես խաղալ այդպիսի բարձրակարգ ակումբում:
Ես երբեք չեմ մոռանա «Չելսիի» երկրպագուներին, ովքեր ինձ միշտ լավ են ընդունել՝ առաջին օրվանից մինչև հիմա: Ես ինձ հետ լավ հիշողություններ եմ տանում: Անգլիայի գավաթը «Չելսիում» իմ առաջին տիտղոսն էր: Անհնարին է մոռանալ ակումբի համար այն պատմական երեկոները, երբ նվաճեցինք Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ Մյունխենում և Լիգայի գավաթն՝ Ամստերդամում:
Չեմ կարող մոռանալ, որ երկու անգամ դուք ինձ ընտրեցիք տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ես մեծ հպարտությամբ և հիացմունքով եմ հիշում այդ պահերը: Շնորհակալ եմ իմ նախկին թիմակիցներին: Ընկերությունը հավերժ է, իսկ մրցակցությունը՝ միայն խաղադաշտում,- ասել է Մատան: