«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Մատայի տեղափոխության համար «Յունայթեդը» լոնդոնյան կողմին վճարել է 37.1 մլն ֆունտ: Քիչ առաջ ավարտվեց Մատայի բուժզննումը, որից հետո իսպանացի կիսապաշտպանը ստորագրեց պայմանագիրը:
-Սա յուրահատուկ օր է ինձ համար: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել կարիերաս շարունակել նման ակումբում: Անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին խաղին և իհարկե առաջին խփած գնդակին,- ասել է Խուան Մատան:
Հիշեցնենք, որ Մատան «Չելսիում» էր 2011թ-ից և այդ պահից մասնակցել է 82 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ: Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում նա ճանաչվել է «ազնվականների» լավագույն ֆուտբոլիստ, սակայն Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո կորցրեց տեղը հիմնական կազմում, ինչի պատճառով էլ ընդունեց «Յունայթեդի» առաջարկը: