Համաձայն Daily Mail-ի, Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» հույս ունի ձեռք բերել «Աստոն Վիլլայի» նախկին պաշտպան Ռիչարդ Դանին:
Անցած մրցաշրջանը 33-ամյա պաշտպանն ամբողջությամբ բաց է թողել վնասվածքների պատճառով, և բիրմինգհեմցիների գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը որոշել է չերկարաձգել նրա պայմանագրի ժամկետը: Այդ կերպ, այս ամառ Դանը հասանելի է ցանկացած ակումբի՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Աղբյուրի համաձայն, «Հալլը» պատրաստ է պայմանագիր կնքել Ռիչարդի հետ և այդ ձևով ուժեղացնել պաշտպանական գիծը, որը նոր մրցաշրջանից առաջ արդեն համալրվել է Մեյրոն Ֆիգերոայով և Կյորտիս Դևիսով:
Հավելենք, որ Դանով հատկապես հետաքրքրված է «վագրերի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը, ով միշտ հիացել է նրա խաղով և հույս ունի նրա համար պայքարում հաղթել Չեմպիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթիին»: