Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման հաջորդ օրը Հարի Ռեդնապը լքեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Հարին «ռեյնջներներին» մարզում էր 2012թ-ի նոյեմբերից: Իր առաջին ոչ լիարժեք մրցաշրջանում Ռեդնապը չկարողացավ թիմին պահել Պրեմիեր Լիգայում, սակայն մեկ տարի հետո վերադարձավ անգլիական ֆուտբոլի էլիտա:
Այժմ 67-ամյա Ռեդնապը ՔՊՌ-ին թողեց Պրեմիեր Լիգայի նախավերջին հորիզոնականում: Իր հեռացումը Հարին մեկնաբանում է առողջական խնդիրներով, որոնք նրան թույլ չեն տալիս ամբողջությամբ նվիրվել խաղին:
-Ցավոք ես անհապաղ վիրահատության կարիք ունեմ: Երբ ես չեմ կարողանում խաղին տրվել 100%-ով, ապա զգում եմ, որ ավելի լավ կլինի, որ այդ գործը մեկ ուրիշն անի,- ասել է Ռեդնապը:
ՔՊՌ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ մինչ նոր մարզչի նշանակումը թիմը կմարզեն Լես Ֆերդինանդը և Քրիս Ռեմսին: