«Ֆուլհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիք Մագատը խոստովանել է, որ նա Բրեդե Հանգելանդին իսկապես խորհուրդ է տվել վնասված ծնկին պանրի կտոր դնել:
Նորվեգացի պաշտպանը, ով «Ֆուլհեմը» լքեց նախորդ մրցաշրջանի ավարտին, քննադատել էր Մագատին՝ հայտնելով, որ վերջինս իրեն խորհուրդ է տվել ծունկը բուժել ալկոհոլով և պանրով:
Գերմանացի մարզիչը, ով լոնդոնյան ակումբից հեռացվեց նախորդ շաբաթ, խոստովանել է, որ այդ խորհուրդն իսկապես ինքն է տվել, սակայն ոչ այն տեսքով, ինչպես որ ներկայացնում է մամուլը և անձամբ Հանգելանդը:
-Ես պարզապես առաջարկեցի, որ կարելի է փորձել տատիների հին մեթոդը և վնասված հատվածի վրա պանիր դնել: Հանգելանդն անհեթեթություն է ասում: Ես երբեք բժիշկներին չեմ ասել, թե նրանք ինչ անեն: Ցավոք, թերթերը խեղաթյուրել են այս պատմությունը,- Մագատի խոսքերն է մեջբերում BBC-ն: