«Ստոկ Սիթիի հարձակվող Մայքլ Օուենը ստիպված է եղել ներողություն խնդրել «Բրեդֆորդի» երկրպագուներից, քանի որ թվիթերյան իր էջում սխալ կարծիք էր հայտնել երեկ կայացած «Բրեդֆորդ»-«Աստոն Վիլլա» խաղի մասին:
Անկհայտ է, որ Օուենը ուշադիր հետևում էր այդ խաղին, որտեղ այդքան փոքրիկ ակումբը սենսացիոն հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Դրվագներից մեկից հետո նա տառացի գրեց հետևյալը. «Ահա սա խաղ է: «Բրեդֆորդը» կրակի մեջ է»:
Ինչպես հայտնի է, 1985 թվականին «Բրեդֆորդի» արդեն նախկին մարզադաշտում հրդեհի պատճառով զոհվեց 56 երկրպագու: Եվ այժմ երկրպագուների մեծ մասը մտածել էր, որ Օուենի գրառումը հենց այդ ողբերգության մասին է:
Մայքլը, հասկանալով իր սխալը, գրել է հաջորդ գրառումը, որից պարզ է դառնում` նա ոչ մեկին վիրավորել չէր ուզում:
«Իմ նախորդ գրառումը սխալ հասկացվեց: Պարզ է` այն ուղղված չէր այդ ողբերգական դրվագին: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորեցի»: