«Բրայթոնի» եզրային Կաուրու Միտոման նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
2021 թվականի օգոստոսին «Բրայթոնը» ձեռք բերեց Միտոմային «Կավասակի Ֆրոնտալից» 2,7 միլիոն ֆունտով, և2021/22 մրցաշրջանի համար վարձավճարով ուղարկվեց «Յունիոն»:
Բելգիայից «Բրայթոն» վերադառնալուց հետո Միտոման սկսեց արագ առաջադիմել, և այժմ Ռոբերտո Դե Զերբիի թիմի առանցքային խաղացողներից է և Պրեմիեր լիգայի գրանդների համեղ պատառը:
Այնուամենայնիվ, «Բրայթոնը» չի մտածում Միտոմայի վաճառքի մասին, և ուրբաթ օրը «ճայերը» հայտարարեցին, որ 26 ամյա ճապոնացի ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառ:
2022 թվականի օգոստոսին «Բրայթոնում» իր նորամուտը նշելուց հետո Միտոման 52 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով «ճայերին» նախորդ մրցաշրջանում Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել:
«Սա հիանալի նորություն է: Կաուրուն մեզ համար բարձրակարգ խաղացող է»,- ասել է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին: