«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն աջակցության համար երկրպագուներին դիմել է բաց նամակով:
Այս պահին «Յունայթեդը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ընդամենը 7-րդ հորիզոնականը և մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանում կմնա առանց Չեմպիոնների Լիգայի: Մոյեսի խոսքերով, նա չէր սպասում այսպիսի ծանր մրցաշրջանի:
-Ես գիտեի, որ «Յունայթեդում» աշխատելն ինձ համար իսկական մարտահրավեր է, սակայն երբեք չէի պատկերացնում, որ այս մրցաշրջանն այսքան ծանր կլինի: Վստահ եմ, որ դուք նույնպես չէիք սպասում: Սակայն մենք փորձելու ենք փոխել այս իրավիճակը:
Դուք ցանկանում եք տեսնել հաջողակ «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ այն աջակցությունը, որ ցուցաբերում եք ֆուտբոլիստներին և անձամբ ինձ, ուղղակի անհավատալի է: Արտագնա խաղերի ժամանակ էլ դուք ցույց եք տալիս, որ շարունակում եք լինել Անգլիայի լավագույն երկրպագուները:
Իհարկե հեշտ է երկրպագել քո ակումբին, երբ նա հաղթում է, սակայն ավելի բարդ է, երբ գործերը լավագույն տարբերակով չեն գնում: Ուստի այս պարագայում ձեր աջակցությունն աննկարագրելի է: Վերջին տարիների ընթացքում դուք այստեղ մեծ հաղթանակների եք ականատես եղել, և ես չեմ կասկածում, որ շատ շուտով մենք նորից տեսնելու ենք այդ հաղթանակները,- գրել է Մոյեսը: