«Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ «Չելսի» տեղափոխվելու դեպքում «Սթեմֆորդ Բրիջ» կգա նաև նրա սան Խաբի Ալոնսոն: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:
Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո Մոուրինյոն ակնարկել է «Ռեալից» հեռանալու մասին: Ժոզեն հասկացրել է, որ պատրաստվում է գլխավորել այն ակումբը, որը «իրեն կսիրի»:
Ինչպես հայտնի է, պորտուգալացի մասնագետի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է նրա նախկին ակումբը՝ «Չելսին»: Չնայած մարզիչը նախկինում խնդիրներ է ունեցել լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, շատերն են հավանական համարում Ժոզեի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ»:
Եթե Մոուրինյոն իսկապես վերադառնա «Չելսի», ապա լոնդոնյան ակումբը կարող է ձեռք բերել Ալոնսոյին: 31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն արքայական ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին: Նա դեռ չի պատասխանել «Ռեալի»՝ պայմանագիրը երկու տարով երկարաձգելու մասին առաջարկին:
Ավելացնենք, որ հենց Ալոնսոն, ով նախկինում հանդես է եկել «Լիվերպուլում», համարվում է Մոուրինյոյի գլխավոր համախոհներից մեկը «Ռեալում»: