«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը հայտնել է, թե ինչ որոշում է կայացրել ակումբը հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված, որը երեկ կայացած «Չելսիի» հետ խաղի ժամանակ (2:2) կծել է մրցակցի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:
-Մենք այդ դրվագի մասին խոսել ենք Լուիսի հետ երեկ երեկոյան և այսօր առավոտյան: Նա ներողություն է խնդրել: Մենք որոշեցինք տուգանել նրան այդ արարքի համար: Բրենդան Ռոջերսը կաշխատի նրա կարգապահության վրա:
Երբ խոսում ես նրա հետ, հասկանում ես, թե ինչքան է նա իսկապես զղջում կատարվածի համար: Լուիսը շատ է ափսոսում: Նա իրականում խնդրել է մեզ նվիրաբերել իր տուգանքն այն ընտանիքներին, որոնք «Հիլլսբորոյի» ողբերգության ժամանակ կորցրել են իրենց հարազատներին: Կարծում եմ, որ նա զգում է, որ երեկ շատ մարդկանց է հիասթափեցրել:
Մենք կաշխատենք իր խաղի այդ կողմի վրա, առաջին հերթին Բրենդանը: Հուսամ, որ այս ամենը բավական կլինի, սակայն մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն ֆուտբոլային իշխանությունները:
Բնականաբար, ակումբի սեփականատերերը տեղյակ են այս մասին: Նրանք գոհ էին, թե մենք ինչպես որոշեցինք լուծել այս խնդիրը:
Այս պատահարը ոչ մի կերպ չի անդրադառնա Լուիսի ապագայի վրա «Լիվերպուլում»: Լուիսը շատ կարևոր է ակումբի համար, թիմակիցները նրան շատ լավ են վերաբերվում: Ամռանը նա նոր պայմանագիր է կնքել չորս տարի ժամկետով: Մենք հույս ունենք, որ նա մինչև վերջ կաշխատի,- ասել է Էյրը: