«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Զագրեբի «Դինամոյի» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչին՝ որպես Դավիդ Դե Խեային փոխարինող:
«Յունայթեդը» դեռ հույս ունի հաղթահարել առկա տարաձայնությունները և երկարաձգել Դե Խեայի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Սակայն արդիական է նաև պահեստային դարպասապահի հետ կապված խնդիրները։
Բանն այն է, որ Ջեկ Բաթլենդը «Յունայթեդում» է վարձավճարով և մրցաշրջանի վերջում կվերադառնա «Կրիստալ Փելես», իսկ այս մրցաշրջանում «Նոթինգհեմ Ֆորեստ» գործուղված Դին Հենդերսոնը չի ցանկանում մնալ պահեստայինների նստարանին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հաջորդ մրցաշրջանում Դե Խեայի փոխարինողը կարող է դառնալ Լիվակովիչը, ում խաղին հետևելու համար «Յունայթեդի» սկաուտները ներկա են գտնվել անցած կիրակի օրը կայացած Զագրեբի «Դինամո» – «Հայդուկ» խաղին։
28 ամյա Լիվակովիչը, ով Խորվաթիայի հավաքականի հիմնական դարպասապահն է, գնահատվում է 10 միլիոն ֆունտ։
Ինչպես Դավիդը, այնպես էլ Դոմինիկը լավն է դարպասային գծում, բայց ոչ լավագույնը՝ ոտքերով խաղի ժամանակ: