«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկը՝ վերաբերվող վինգեր Ջեյդոն Սանչոյին։
Ուղիղ երկու տարի առաջ Սանչոն Դորտմունդից 73 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց Մանչեսթեր, բայց Ջեյդոնը դեռ չի արդարացրել իր հետ կապված սպասելիքները:
Անցած մրցաշրջանում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նույնիսկ Սանչոյին ուղարկեց Հոլանդիա՝ անհատական ծրագրով աշխատելու, բայց դա քիչ բան տվեց 23 ամյա անգլիացուն:
Ինչպես հայտնում է Daily Star-ը բացառիկ հոդվածում, «Բորուսիան» փորձել է օգտվել այս իրավիճակից, սակայն 2023/24 մրցաշրջանի համար Սանչոյին վարձակալելու Բունդեսլիգան ներկայացնող ակումբի առաջարկը մերժվել է։
«Յունայթեդը» պատրաստ է Սանչոյի համար առաջարկներ լսել այս ամառ, բայց միայն մշտական տրանսֆերով, այլ ոչ թե վարձակալության:
Եթե նույնիսկ դորտմունդցիները որոշեն հետ գնել Սանչոյին, ապա Ջեյդոնի համար 45 միլիոն ֆունտից ավելի չեն կարողանա վճարել։
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի իր 55 հանդիպումներում Սանչոն խփել է ընդամենը ինը գնդակ, մինչդեռ Բունդեսլիգայի 104 խաղում Ջեյդոնը դարձել է 38 գոլի հեղինակ։