«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ հարձակվող Մարկուս Ռաշֆորդի կարգապահության խնդիրները հարթվել են:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռաշֆորդը երկու օր անընդմեջ անցկացրել է Բելֆաստի գիշերային ակումբ։ Արդյունքում, Մարկուսը բաց է թողել «Յունայթեդի» ուրբաթ օրը կայացած մարզումը` պատճառաբանելով վատ առողջական վիճակով:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը կիրակի օրը դուրս թողեց Ռաշֆորդին Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Նյուպորտի» դեմ արտագնա խաղի հայտացուցակից՝ միջադեպը նկարագրելով որպես ակումբի «ներքին խնդիր»:
Բարեբախտաբար Ռաշֆորդի համար նա չի արժանանա նույն ճակատագրին, ինչ Ջեյդոն Սանչոն: Մարկուսը զղջացել է իր արարքների համար և կրել պատիժ, որի բնույթը «Յունայթեդը» չի բացահայտել: Ակումբը խնդիրը համարում է լուծված։
«Մարկուսն ընդունել է իր գործողությունների պատասխանատվությունը: Հարցը դիտարկվել է որպես ներքին կարգապահական գործ և այժմ փակվել է», – ասվում է «Յունայթեդի» հայտարարության մեջ:
Sky Sports-ը հավելում է, որ Ռաշֆորդը հասանելի կլինի «Վուլվերհեմպտոնի» դեմ արտագնա խաղում: