«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Նեմանյա Վիդիչը հայտնել է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
2006 թվականի հունվարին «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կատարեց իր կարիերայի լավագույն տրանսֆերներից մեկը՝ 7 մլն ֆունտով Մոսկվայի «Սպարտակից» գնելով Վիդիչին։
Նեմանյան և Ռիո Ֆերդինանդը դարձան Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն պաշտպանական զույգերից մեկը։ «Յունայթեդի» հետ Վիդիչը հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երեք անգամ Լիգայի գավաթակիր, հաղթել է նաև Չեմպիոնների Լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը։
2014թ ամռանը սերբ պաշտպանը տեղափոխվեց «Ինտեր», սակայն ընթացիկ մրցաշրջանում խաղային պրակտիկա չունեցավ և այսօր հայտնեց, որ 34 տարեկան հասակում խաղակոշիկները կախում է մեխից։
-Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ ես խաղացել եմ, բոլոր մարզիչներին և մարդկանց, որոնց հետ աշխատել եմ, ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ողջ այս տարիների ընթացքում աջակցելու համար,- ասել է Վիդիչը։