«Նյուքասլը» հայտարարել է «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Հարվի Բարնսին 38 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու մասին:
Բարնսը հինգ տարվա պայմանագիր կնքեց «Նյուքասլի» հետ և դարձավ ակումբի երրորդ նորեկը տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Յանկուբա Մինտեից և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Սանդրո Տոնալիից հետո:
25 ամյա Բարնսը «Լեսթերի» ակադեմիայի շրջանավարտ է՝ 2016 թվականի դեկտեմբերից «աղվեսների» առաջին թիմում մասնակցել է 187 հանդիպման, որոնցում դարձել է 45 գոլի հեղինակ:
«Լեսթերի» հետ Բարնսը 2021 թվականին նվաճեց Անգլիայի գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։
Անցած մրցաշրջանը լավագույնն էր Բարնսի կարիերայում գոլերի քանակով, Հարվին Պրեմիեր լիգայում 13 գոլ խփեց, բայց միայն նրա ջանքերը քիչ էին թիմին բարձրագույն խմբում պահելու համար:
«Ես գոհ եմ: Սա հիանալի ակումբ է ինձ համար և հսկայական հնարավորություն տեղափոխվելու և դառնալու հաջողակ թիմի մաս, որը հետաքրքիր զարգացման ուղի է ընտրել: Ես մեծ ոգևորություն եմ ապրում այս թիմին միանալու կապակցությամբ»:
«Կարծում եմ, որ նման թիմ տեղափոխվելը հարձակվողական ոճի խաղացողի համար երազանք է: Այս թիմը խաղում է բարձր արագությամբ, ֆիզիկական պատրաստվածության բարձր պահանջներ ունի, իսկ դրա պտուղները կարելի է տեսնել ստեղծած պահերի և գոլերի քանակով: Կարծում եմ, որ ես միանշանակ կհամապատասխանեմ այդ ոճին»,- ասել է Բարնսը: