«Նորվիչը» պաշտոնապես հայտնել է «Բլեքբեռնի» և Շվեդիայի ազգային հավաքականի 25-ամյա պաշտպան Մարտին Օլսոնի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 2.5 մլն ֆունտ:
Օլսոնը, ով խաղում է նաև որպես ձախ վինգեր, «Նորվիչի» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Այսպիսով Մարտինը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նորվիչի» արդեն չորրորդ նորեկը:
-Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք պայմանագիր ստորագրել Օլսոնի հետ: Նա արդեն 4 տարի հանդես է գալիս Անգլիայում: Նա կարող է խաղալ ձախ եզրի ցանկացած հատվածում: 25 տարեկանում նա արդեն բավական փորձ ունի և կարող է մեզ շատ օգնել,- ասել է «Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը:
Ավելացնենք, որ Օլսոնը «Բլեքբեռնում» էր 2006թ-ից: Այդ պահից Մարտինը մասնակցել է 143 խաղի: