«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը չի պատժվելու մրցավար Ջյունեյտ Չակիրին հեգնաբար ծափահարելու համար: Դրվագը տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» պատասխան խաղի ժամանակ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այդ խաղում թուրք մրցավար Չակիրը կարմիր քարտ ցույց տվեց «Յունայթեդի» վինգեր Նանիին: Մրցավարի նման որոշումն անկնհայտորեն ազդեց խաղի ելքի վրա: «Ռեալն» օգտվեց թվային առավելությունից և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հանդիպումից անմիջապես հետո Ֆերդինանդը մոտեցավ մրցավարին և հեգնաբար ծափահարեց նրան: Սպասվում էր, որ Ռիոն կպատժվի այդ քայլի համար:
-Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկելու, բացի Նանիի կարմիր քարտի և «Մանչեսթեր Յունայթեդի»՝ հետխաղյա մամլո ասուլիսի պարտականությունները չկատարելու համար կարգապահական պատիժներից,- հայտնել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը:
Ըստ երևույթին խոսքն այն մասին է, որ «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չէր ներկայացել հետխաղյա մամլո ասուլիսին: Նրա օգնական Մայք Ֆելանի խոսքերով Սէր Ալեքսն այն վիճակում չէր, որպեսզի պատասխաներ լրագրողների հարցերին: