«Չելսին» ավարտին հասցրեց «Մարսելի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Միշի Բատշուաիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 33 մլն ֆունտ։
Ընդամենը մի քանի օր առաջ Բատշուաիի տրանսֆերի հարցում համաձայնության էր եկել «Կրիստալ Փելեսը»։ Դա «կապույտներին» ստիպեց ակտիվացնել իրենց քայլերը 22-ամյա բելգիացու հետ կապված։
«Չելսիի» առաջարկը նույնպես ընդունվել էր, և ընտրություն կատարելով լոնդոնյան երկու ակումբների միջև՝ Միշին նախապատվությունը տվեց Անտոնիո Կոնտեի հետ աշխատելուն։ Բատշուաին դարձավ «կապույտների» ղեկին իտալացի մասնագետի առաջին ձեռքբերումը։
Լիգա 1֊ի նախորդ մրցաշրջանի 36 խաղում 17 գոլ խփած Բատշուաին «Սթեմֆորդ Բրիջում» կմիանա իր հայրենակիցներ Տիբո Կուրտուային և Էդեն Ազարին։
֊Ես շատ ուրախ եմ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին միանալու համար։ Հուսով եմ՝ կկարողանամ «Չելսիին» օգնել հաղթել բազում տիտղոսներ։
Էդեն Ազարը և Տիբո Կուրտուաին ինձ դրական շատ բան են պատմել ակումբի մասին,֊ ասել է Բատշուաին։