«Չելսին» շատ մոտ է այն բանին, որպեսզի իրագործի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հեռացնելու իր պլանը։ Հակառակ մամուլում շրջանառվող լուրերի, «կապույտները» չեն պայքարում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար։
Երեկ լուրեր հայտնվեցին, որ «Չելսին» պատրաստ է մանչեսթերյան երկու ակումբների հետ պայքարել Գվարդիոլայի համար, ով վերջնականապես որոշել է մրցաշրջանի ավարտից հետո լքել «Բավարիան»։
Սակայն The Telegraph-ը հերքում է այդ լուրը, քանի որ «Սթեմֆորդ Բրիջում» վստահ են, որ հաջորդ մրցաշրջանում Գվարդիոլան կմարզի «Սիթին»։ Այս պարագայում, «կապույտներին» ճգնաժամից դուրս գալու համար նոր պլան է հարկավոր։
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը շարունակում է քննարկել իրավիճակն իր տնօրենների հետ և չնայած որ դեռ վերջնական որոշում չի ընդունվել Մոուրինյոյի հետ կապված, ակումբն արդեն դիտարկում է նրան փոխարինելու հավանական տարբերակները։
Լոնդոնյան ակումբը, որպես ժամանակավոր տարբերակ, կարող է հրավիրել 69-ամյա Գուս Հիդինգին, ով այդ դերը ստանձնել է 2009 թվականին և «Չելսիի» հետ հաղթել է Անգլիայի գավաթը։
Իսկ երկարաժամկետ պլանների համար «Չելսիի» ուշադրության կենտրոնում Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է, ով Պրեմիեր Լիգայում աշխատանքի կարող է անցնել ոչ շուտ, քան մրցաշրջանի ավարտից հետո։ Արգենտինացու համար պահանջվող 15 մլն ֆունտը խնդիր չի լինի «ազնվականների» համար։
Ավելացնենք, որ Սիմեոնեն լավ ճանաչում է «Չելսիի» առաջատար ֆուտբոլիստներից երկուսին՝ դարպասապահ Տիբո Կուրտուային և հարձակվող Դիեգո Կոստային, որոնց հետ աշխատել է «Ատլետիկոյում»։