«Չելսին» սկսել է փնտրել Ժոզե Մոուրինյոյին փոխարինող, սակայն պորտուգալացուն կհեռացնի միայն այն ժամանակ, երբ հասանելի և գոհացնող տարբերակ ունենա։
Այս երկուշաբթի «Լեսթեր Սիթիին» պարտվելով՝ «կապույտները» մեկ միավորի հեռավորության վրա հայտնվեցին վտանգավոր գոտուց։ «Չելսին» պարտվել է մեկնարկային 16 խաղերից 9-ում, ինչը վատագույն ցուցանիշն է 1978/79 մրցաշրջանից հետո։ Նախորդ դեպքում լոնդոնյան ակումբը դուրս մնաց բարձրագույն դիվիզիոնից։
Այս պահին Մոուրինյոյի թիմը պատրաստվում է «Սանդերլենդի» հետ շաբաթ օրվա խաղին, սակայն, ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Չելսիի» ղեկավարները լրջորեն մտածում են գլխավոր մարզչին փոխելու մասին։
Հաղորդվում է, որ բարձրակարգ և հասանելի մարզիչ չլինելը մեծ դեր ունի այն բանում, որ Մոուրինյոն շարունակում է իր աշխատանքը։ «Չելսիում» հասկանում են, որ Խոսեպ Գվարդիոլան, Դիեգո Սիմեոնեն կամ Անտոնիո Կոնտեն հասանելի չեն լինի նվազագույնը մինչև մրցաշրջանի ավարտը։
Սակայն «ազնվականների» ղեկավարները դիտարկում են նաև այլ տարբերակներ, որոնց թվում են Գուս Հիդինգը և Կարլո Անչելոտին, չնայած, որ վերջինս արդեն հայտնել է, որ չի պատրաստվում մրցաշրջանի կեսից թիմ գլխավորել։ Պակաս հավակնոտ տարբերակներ են «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը և Ունաի Էմերին՝ «Սևիլյայից»։
Ավելացնենք, որ Մոուրինյոյի հեռացումը, եթե այն կայանա, «Չելսիի» համար կարժենա մոտ 10 մլն ֆունտ։ Եվ չնայած, որ Ժոզեն օգոստոսին չորս տարվա պայմանագիր է ստորագրել, հեռացման դեպքում կստանա միայն մեկ տարվա աշխատավարձը՝ որպես փոխհատուցում կամ ավելին, եթե 12 ամսից ավել մնա առանց աշխատանք, ինչին դժվար է հավատալ։