Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Չելսին» շարունակում է շաբաթական 130 հզր ֆունտ վճարել իր նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոյին:
Արդեն մեկ տարի է անցել, ինչ «Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Դի Մատեոյին: Այդ պահից իտալացի մասնագետը լոնդոնյան ակումբից ստացել է 7 մլն ֆունտ և կշարունակի ստանալ իր աշխատավարձը մինչև հաջորդ տարվա հունիս, եթե մինչ այդ նոր աշխատանքի չանցնի:
Փաստորեն «Չելսին» այժմ վճարում է Ռոբերտոյի պայմանագրի վաղաժամ խզման գինը: Հիշեցնենք, որ Դի Մատեոն «Չելսիի» հետ նվաճեց Անգլիայի Գավաթը և հաղթեց Չեմպիոնների Լիգայում:
Վերջին օրերին 43-ամյա մարզչի անունը կապվում էր «Կրիստալ Փելեսի» հետ, ինչպես նաև նրան տեսնում էին «Ֆուլհեմում» Մարտին Յոլին փոխարինող, սակայն այս ակումբները դժվար թե կարողանան Դի Մատեոյին վճարել այն գումարը, որը նա ստանում է «Չելսիից»: